Հարսանեկան Ավանդույթները Անգլիայում

Անգլիացիների համար անչափ կարևոր է եղել հարսանյաց օրվա ընտրությունը: Մայիսը համարվում էր անբարենպաստ ամուսնությունների համար: Հարսանյաց հանդեսների համար ամենահաջող օրը համարվում էր չորեքշաբթին: Անգլիացիները մշտապես հետևում էին ավանդույթներին հարսանեկան ծեսակատարությունների ժամանակ: Դրանցից շատերը այսօր էլ արդիական են:

Հարսանեկան գնացքի  ետևից ծաղիկներ  էին նետվում: Գնացքի կազմում, բացի հարսնացուից և փեսայից, ընդգրկվում էին նաև հարսնացուի ծնողները և «հարսնաքույրերը», փեսայի քույրերը, և «եղբայրները», նորապսակների բարեկամները: «Հարսնաքույրերի» զգեստների ձևավորմամբ , գույնի ընտրությամբ զբաղվում էր հարսնացուն,  իսկ դրանց դիմաց վճարում էր նրա մայրը:  Հարսնաքույրերից մեկը, որին վստահվում էր հարսի ծաղկեփունջը,  համարվում էր գլխավորը: Եկեղեցում նա կանգնում էր հարսի ետևում: Փեսայի «եղբայրը» սովորաբար մասնակցում էր հարսանիքի կազմակերպմանը, եկեղեցում մատանիները հանձնում էր փեսային:

Հարսանյաց օրը առավոտյան հարսանիքի բոլոր այս մասնակիցները հավաքվում էին ապագա նորապսակների տան առջև: Գլխավոր հարսնաքույրը տան մուտքը զարդարում էր սպիտակ ծաղիկներով: Համարվում էր, որ եթե հարսը ինքը դրանով զբաղվի, նրա ամուսնությունը անհաջող կլինի:

Նրանք դեպի եկեղեցի էին ուղորդվում երաժշտության ներքո, երգելով: Այդ ընթացքում ներկա գտնվող տղամարդիկ շարունակ կրակում էին հրացաններից, այդպիսով  վախեցնելով և հեռացնելով չարքերին:

Նախկինում, եկեղեցի մտնելուց առաջ, երիտասարդները ցատկում էին մուտքը արգելափակած նստարանի վրայով: Սա խորհրդանշում էր ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունների հաղթահարում ապագա ամուսինների կողմից:

Հարսանեկան խնջույքի ժամանակ գլխավոր արարողությունը կապված էր հարսանեկան տորթի հետ: Հարսանիքը երբեք չէր ավարտվում առանց տորթի : Այն սովորաբար կտրտում և բաժանում էր հենց հարսնացուն: Խնջույքը կարող էր տևել մի քանի օր, սակայն  չգերազանցելով մեկ շաբաթը: Խնջույքից հետո հարսնացուն ուղևորվում էր իր նոր տունը: Հարսնացուին մուտքից ներս էր տանում փեսան ձեռքերի վրա: Այնուհետև հարսնաքույրերը հարսնացուին ուղեկցում էին իր ննջարանը և պառկեցնում իր անկողնում: Հարսանիքի հաջորդ օրը նորապսակները ինքնուրույն, նոր կյանք էին սկսում: