Հարսանեկան Ավանդույթները Իտալիայում

Նախկինում իտալական ամուսնությունները սովորաբար սկսվում էին ընտանիքների միջև համաձայնության հասնելով: Մեծ նշանակություն ուներ ծագումը, և եթե հարսնացուի հոր մոտ որևէ կասկած առաջանար, դա բավարար էր, որ ամեն տեսակի բանակցությունները դադարեցվեին: Սովորաբար ապագա հարսնացուի  ընտանիքին տեղեկություն էին ուղարկում փեսացուի ամուսնանալու մտադրության մասին, և, եթե հարսնացուի ընտանիքն առաջարկությունն ընդունելի էր համարում, ապա հարսանիքը կարող էր կայանալ:

Իտալական հասարակարգը խիստ քննադատական մոտեցում ուներ ամուրի կանանց նկատմամբ և, նման դեպքերում նրա ամբողջ ընտանիքը կարող էր հասարակական ծաղրի առարկա դառնալ: Այն իր վառ արտահալտությունն է գտել իտալական ժողովրդական ասածվածքում. “Կինն առանց ամուսնու նման է անգլուխ ճանճի”: Այնուհանդերձ, երիտասարդ տղաներն ու աղջիկները չէին կարող ազատ շփվել իրար հետ. հասարակական կարծիքը խստիվ դատապարտում էին այն աղջկան, ով տանից մենակ էր դուրս գալիս:

Համաձայն իտալական համոզմունքներին (հավատքներին), ամուսնանալ կարելի է տարվա ցանկացած ժամանակ, բացառությամբ Մեծ Պասի օրերին ու մայիս ամսին: Այնուհանդերձ, վատ նշան է համարվում, եթե ամուսնությունը երեքշաբթի և կամ ուրբաթ օր է: Ամուսնության օրը նշանակելուց ու հարսնացուի ունեցվածքն ու օժիտը համաձայնեցնելուց հետո, կողմերը կազմում են ունեցվածքի նոտարական հաստատված ցուցակը: Ցուցակի մեջ հաշվի էին առնվում հարսնացուի ունեցած բոլոր իրերը, անգամ հարսանյաց օրվա նրա ենթադրյալ հագուստը: Այդ պատճառով այս ցուցակը փաստորեն հանդիսանում էր ամուսնական պայմանագիր:

Հարսանայաց ծիսակատարության կազմակերպիչները պարտավոր են առնվազն երեք շաբաթ առաջ հայտարարել հարսանիքի մասին, և երեք կիրակի անընդմեջ եկեղեցում Տեր Հայրը հայտարարում է սպասվելիք հարսանիքի մասին: Հարսանիքից 8 օր առաջ հարսնացուի օժիտը հատուկ ծիսակատարությամբ տեղափոխվում է ապագա փեսացուի տուն: Հարսանիքի օրը սկսվում է “հարսնացուին հագցնելու” ծիսակատարությամբ: Հարսնացուին օգնում են ընկերուհիները: Հավատքին համաձայն այն աղջիկները, ովքեր օգնել են հարսնացուին շորերը կարելու, մեկ տարվա ընթացքում նույնպես կամուսնանան: Մինչ փեսացուի հետ հարսանյաց մատանիների փոխանակումը, հարսնացուի կողմից ոսկե զարդ կրելը համարվում է վատ նշան: Հարսանյաց սպիտակ շրջազգեստը սովորույթների մեջ հայտնվել է միայն 20-րդ դարում:

Համաձայն սովորույթի, իտալական զույգերը եկեղեցի են ճանապարհվել միասին, իսկ համաքաղաքացիները զանազան խոչընդոտներ են ստեղծել, որպեսզի հետևեն, թե ինչպես է հարսնացուն դրանց վերաբերվում: Եթե հարսնացուն բարձրացնում էր իր դիմաց հայտնված ավելը, ապա ասում էին, որ նա տունը մաքուր է պահելու, եթե օգնում էր որևէ երեխայի, նշանակում էր, որ նա լավ մայր կդառնա:

Հարսանիքից հետո եկեղեցուց դուրս գալուն պես նորապսակների վրա  ցորեն, մանրադրամներ, ծաղիկներ, աղ ու կոնֆետներ էին շաղախում: Այնուհետև հարսանեկան շքախումբը նորապսակների ուղեկցությամբ վերադառնում էր փեսացուի տուն: Ըստ ավանդույթի նորապսակները եկեղեցուց վերադառնում էին ոչ այն ճանապարհով, որով գնացել էին: Փեսացուի տան մոտ սկեսուրը հարսնացուի գլխին ցորեն էր շաղ տալիս:

Եթե 19-րդ դարում հարսանյաց տոնախմբության սեղանը պարտադիր երկու տեղում էր դրվում` հարսնացուի և պեսացուի տանը, ապա 20-րդ դարի սկզբից կազմակերպում են մեկ ամուսնական ճաշկերույթ, որի ծախսերը երկու կողմերը կիսում են հավասարապես:

Հյուրերին մատուցում են մինչև 14 տեսակի տարբեր խորտիկներ: Խնջույքի վերջում հյուրերին ավանդական բազմաշերտ թխվածքի հետ մատուցում են եկսպրեսսո սուրճ:

Հարսանիքն ավարտվում էր հարսնացուի պարով, որը նույնպես ինքն էր սկսում: Հարսանեկան խնջույքից հետո հատուկ արարողակարգով նորապսակներին ուղեկցում են ննջարան: Մինչ անկողին գնալը, նորապսակները պարտավոր էին համտես անել մի քանի կտոր որևէ միրգ:

Առաջին ամուսնական գիշերից հետո առավոտյան իրականացվում էր “բարի վեր կենալու” արարողակարգը. նորապսակներին իրենց մայրերն ուտելիք և սուրճ էին բերում:

19-20-րդ դարերում` ընդհուպ մինչև 1970-ական թվականները, իտալական օրենսդրությամբ ամուսնալուծությունն արգելված էր: Անհաջող ամուսնությունների դեպքում, գործող օրենքների շրջանակներում, հնարավոր էր ստանալ միայն “առանձին ապրելու” իրավունք: